Մանուկ-խան առաջի հատված

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր

օձիք — hագուստի վզի մասի կտրվածքը
կայտառ — աշխույժ
համր — խոսելու ունակությունից չունեցող
աղախինն — սպասավորուհի
չքավորություն — աղքատություն
անշուք — անզարդ

  • Վերնագրիր

Մանուկի խորհուրդը և հարուստի աղքատացումը:

  • Կազմիր հարցեր և առաջադրանքներ։

Ինչո՞ւ իշատերը տանում էր եզնատիրոջը դատարան։

Ինչո՞ւ մանուկը ասաց, որ եզնատերը համրանա էր եթե դա այդպես չէր։

ինչպե՞ս ծառան կարողացավ հարստանալ և դառնալ թագավորի առաջին սիրելին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով